Մոսկվայի կենտրոնում սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան) եղել է «յուղալի սարդ ցանցի կենտրոնում, որը երբեք ձեռքերը չի կեղտոտել»: Այս մասին The Financial Times պարբերականին հայտնել է Նյու Յորքի համալսարանի՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի հարցերով մասնագետ Մարկ Գալեոթին:
Պարբերականը գրում է, որ Դեդ Հասանը եղել է ամենահեղինակային ռուս օրենքով գողերից մեկը և անգլիախոս ընթերցողներին մեկնաբանում, թե ինչ է նշանակում «Vor v zakone» հասկացությունը:
«Դրանք դինազովրեր են, հին խորհրդային հանցավոր ղեկավարներ ԳՈՒԼԱԳ-ի ժամանակներից»,-ասել է Գալեոթին՝ նշելով, որ գողերը կոմունիզմի փլուզումից հետո իրենց տեղը զիջել են ավելի ճկուն և պակաս սկզբունքային քրեական «հեղինակություններին»:
«Սև մազերով և կարմիր դեմքով Ուսոյանը հազվադեպ էր հայտնվում հասարակության մեջ: Նա միշտ հեռու էր մնում մամուլից, ինչի պատճառով նրան համեմաում էին Կայզեր Սոզեի՝ 1995թ. «Կասկածելի դեմքեր» ֆիլմի մտացածին չարագործի հետ»,- գրում է թերթը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի կենտրոնում դիպուկահարի կրակոցից վիրավորվել և կարճ ժամանակ անց հիվանդանոցում մահացել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը:







































