Մեծ Բրիտանիայում ուժեղ ցրտերի և ձնաբքի հետևանքով փակվել է շուրջ 300 դպրոց, հաղորդում է BBC-ն:
Ձնաբքից ամենաշատը տուժել է Անգլիայի արևելքը: Նորֆոլք կոմսությունում փակվել է ավելի քան 260 դպրոց: Ուսումնական հաստատությունները շարունակվում են փակվել նաև Անգլիայի կենտրոնական և հյուսիսային մասերում, նաև Շոտլանդիայի հարավում:
Այնուամենայնիվ, ամենացածր ջերմաստիճանը պահպանվում է Նորֆոլքում՝ մինչև 13 աստիճան ցուրտ (Ցելսիսուսի սանդղակով):
Ուժեղ ձնաբուքը խափանել է նաև տրանսպորտի աշխատանքը: Որոշ շրջաններում ձյան ծածկույթը հասնում է 17 սանտիմետրի:
Մեծ Բրիտանիայի համար, որտեղ ձյուն շատ հազվադեպ է գալիս, նման մթնոլորտային երևույթները իրական խնդիր են: Ավտոճանապարհների կառավարման ազգային գերատեսչությունը տրամադրել է 500 միավոր հավելյալ տեխնիկա:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ թագավորության տարածքի մեծ մասում ցածր ջերմաստիճանը կպահպանվի մինչ հունվարի վերջ: Բացի այդ, ուրբաթ երկրի կենտրոնական և արևելյան հատվածներում օդի ջերմաստիճանն ավելի կնվազի, իսկ ձնաբուքը կուժեղանա:










































