Վրաստանի գլխավոր դատախազությունը ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ Շոթա Խիզանիշվիլիի դեմ ներկայացրել է նոր մեղադրանքներ: Ինչպես հաղորդում է NEWSGEORGIA-ն, ըստ ներկայացված մեղադրանքների՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Խիզանիշվիլին միջամտել է «Վրացական երազանք» կոալիցիայի քաղաքական գործունեությանը և արհեստական կերպով հանցանշաններ է ստեղծել:
Մեղադրանքները ներկայացվել են «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչների խոսակցությունների գաղտնի ձայանագրությունների մասին գործի շրջանակներում, որոնք իրականացվել են 2012 թ. հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Այդ ձայնագրությունների մի մասն ընտրություններից մի քանի օր առաջ տեղադրվել են Youtube-ում երկրի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանաշվիլիի թիկնապահի անունից, որը ընտրություններից հետո հերքել է իր մասնակցությունը կատարվածին:
Դատախազության տվյալներով՝ Խիազանիշվիլիի դեմ մեղադրանքներ են ներկայացվել Վրաստանի քրեական օրենսգրքի 166 (միջամտություն քաղաքական կազմակերպության գործունեության մեջ), 373 (անօրինական լսում), 333 (ծառայողական լիազորությունների չարաշահում) և 182 (միջոցների անօրինական յուրացում կամ ծախս) հոդվածներով:









































