«Լեռնային Ղարաբաղում փոխարժեքի տատանման հետ կապված նույն վիճակն է, ինչ Հայաստանում, քանի որ մենք նույն փոխարժեքն ունենք, նույն դրամավարկային գոտում ենք, գները փոխկապակցված են իրար հետ: Որևէ տարբերություն չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Նրա գնահատմամբ՝ ստեղծված վիճակում պետք է ճիշտ ուղիներ փնտրել, որպեսզի աժիոտաժ չլինի, որը հետագայում չազդի տնտեսության, ներդրումներ կատարելու վրա: «Վիճակն իրականում ցավալի է, բայց պետք է արագ արձագանքել և ճիշտ լուծումներ տալ»,- նկատեց նա:
Հարցին, թե Արցախում և՞ս գնաճի նման մակարդակ կա, ինչ Հայաստանում, վարչապետը նկատեց. «Ինչպե՞ս կարող է չլինել: Այդ ապրանքը Հայաստանից է գալիս, ո՞նց կարող է չթանկանալ, եթե Հայաստանում թանկացել է: Ուրիշ ձև չկա: Եկեք միշտ էլ Լեռնային Ղարաբաղը դիտենք որպես Հայաստանի մաս, Հայատսանի տնտեսության բաղկացուցիչ մաս»:
Արա Հարությունյանի խոսքով՝ նույն պատկերն է նաև Արցախի բանկերում, փոխարժեքի նույն կուրսն է, ինչ Հայաստանում, բանկերն էլ այն վաճառում կամ չեն վաճառում: «Այս դեպքում ևս պատկերն այլ չի կարող լինել, քանի որ նույն բանկային համակարգն է, նույն բանկերն են աշխատում այստեղ՝ իրենց մասնաճյուղերով: Պատկերը չի կարող տարբեր լինել»,- ասաց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է ԼՂՀ վարչապետի ասած արագ և ճիշտ քայլերին, ապա, նրա խոսքով, միայն իրավիճակի կայունացումից, կարգավորումից ու գնահատումից հետո հնարավոր կլինի լուծումներ գտնել: «Եթե մենք իմանանք՝ վաղը կամ հետագայում ինչ կլինի, ինչպիսի փոփոխություններ կլինեն, դրանից հետո նոր միայն մենք կորոշենք մեր անելիքները՝ առաջին հերթին սոցիալական, հետո ինվեստիցիաների ներգրավման ուղղությամբ»,- ասաց վարչապետը:
Ամեն դեպքում, ԼՂՀ կառավարությունը չի շտապում ինքնուրույն քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակից դուրս գալու համար: Արա Հարությունյան ասաց՝ սպասում են ՀՀ կառավարությանը: «Մենք սպասում ենք տեսնենք, թե ինչ են անելու Հայաստանի իշխանությունները, և դրանով էլ առաջնորդվելու ենք: Մենք որևէ առանձին մոդել չենք կարող ունենալ: ՀՀ ԿԲ-ն քայլեր անում է, և ընդամենը ժամանակ է պետք վիճակի կարգավորման համար»:
Ինչ վերաբերում է թանկացումների պատճառով բարձրացված սոցիալական բողոքին, ապա, ԼՂՀ վարչապետի խոսքով, իրենց մոտ ևս բողոք կա, դժգոհություն կա, բայց ո՛չ հանրային մակարդակում: «Բողոքողներ միշտ էլ կան, բայց ո՛չ հանրային մասշտաբով: Ակցիաներ չկան, ժողովուրդը օբյեկտիվորեն բողոքում է թանկացման դեմ: Եվ մեզ մոտ ակցիաներ պետք չեն, որպեսզի մենք հասկանանք, որ խնդիրներ կան, որոնք միջամտության կարիք ունեն: Իսկ այդ միջամտությունը կլինի, երբ ունենանք հստակ պատկեր»,- եզրափակեց ԼՂՀ վարչապետը:










































