Ղազախստանը Ֆրանսիային թույլ է տվել օգտագործել «Շիմկենտի» օդանավակայանը՝ Աֆղանստանից իր զորքերը դուրս բերելու համար: Այդ նախկին խորհրդային, կենտրոնաասիական հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համապատասխան օրենքի ուղղում է ստորագրել՝ թույլ տալով ֆրանսիական ուժերին իրենց օդանավերն իջեցնել երկրի հարավի այդ օդանավակայանում՝ այնտեղ ռազմական իրերի բեռնաթափելու համար, որպեսզի այնտեղից զորակազմի տեղափոխումը երկաթուղով շարունակվի դեպի Ռիգա: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
1500 ֆրանսիացիները, որոնք դեռևս մնում են Քաբուլում, պետք է այս տարի ապահովեն ռազմական գույքի դուրսբերումը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի տարածքով` ավիացիայով և երկաթուղով ռազմական գույքի և անձնակազմի տարանցումն ապահովելու համաձայնագրի արձանագրությունը կողմերի ներկայացուցիչները ստորագրել էին հոկտեմբերի 6-ին` Աստանայում:
Վաշինգտոնն էլ բանակցություններ է սկսել Ղրղըզստանի կառավարության հետ` «Մանաս» տարանցիկ օդանավակայանի վերաբերյալ համաձայնագիրը երկարաձգելու մասին, որի ժամկետը լրանում է 2014-ի հունիսին: Սակայն նախագահ Ալմազբեկ Ատամբաևը անհողդողդ է համաձայնագիրը չերկարաձգելու իր որոշման մեջ:









































