7-ամյա տղան իսկական հրաշք է գործել. միավորել է քույր ու եղբորը, որոնք իրար կորցրել են 65 տարի առաջ: Դպրոցականն իսկական դետեկտիվ հետաքննություն է վարել Facebook-ի միջոցով, հայտնում է fedpost.ru-ն:
5-ամյա Քլիֆորդն ու մեկ տարեկան Բետին բաժանվել են, որովհետև նրանց մանկատնից տարբեր ընտանիքներ են վերցրել: Շատ տարիների ընթացքում նրանք չեն մոռացել իրար գոյության մասին՝ փորձելով որևէ տեղեկություն գտնել միմյանց մասին:
Բայց նրանց փորձերն անօգուտ են եղել, քանի դեռ գործն իր ձեռքը չէր վերցրել 7-ամյա Էդդի Հանզելայնը՝ Քլիֆորդ Բոյսոնի վարձակալի տղան: Հետաքրքրասեր դպրոցականը մի քանի անգամ լսել է, թե ինչպես է 70-ամյա տղամարդը, պատմելով իր կյանքի պատմությունը, հիշատակել իր քույր Բետիի մասին, որին ոչ մի կերպ չի կարողանում գտնել:
Այդպիսի հաղորդումներից մեկից հետո տղան որոշել է սեփական հետաքննություն վարել. Էդդին զինվել է iPad-ով և սկսել Facebook-ում փնտրել Քլիֆորդի կենսաբանական մոր ազգանունն ունեցողներին:
Նայելով սոցցանցի մի քանի օգտատերերի լուսանկարները՝ տղան կանգ է առել 66-ամյա Բետի Բելադյուի լուսանկարի վրա, որի դիմագծերը տղային հիշեցրել են 70-ամյա հարևանին: Էդդին իր գտածի մասին հայտնել է Բոյսոնին, և նա հաղորդագրություն է գրել կնոջը, որում պատմել է իր 5 տարեկանում տեղի ունեցած իրադարձությունները:
Բետին հաստատել է, որ Բոյսոնի քույրն է ու հանդիպում է նշանակել:








































