Հունվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է սփյուռքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանին: Հանդիպման ընթացքում նա նախարարին ներկայացրել է իր մշակութային և հասարակական գործունեությունը ինչպես Սփյուռքի հայ համայնքներում, այնպես էլ՝ Հայաստանում: Նա մասնավորապես կարևորեց Արվեստի դպրոցի ստեղծման իր գաղափարն ու դրա նշանակությունը:
Նախարարը, բարձր գնահատելով երաժշտի գործունեությունը Սփյուռքում, ներկայացրել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության հիմնական ուղղվածությունն ու նպատակները, մասնավորապես առանձնացրեց հայապահպանության, Սփյուռքում հայկական ներուժի բացահայտման և ի նպաստ հայրենիքի օգտագործման, հայրենադարձության ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև, հայկական սփյուռքի հիմնախնդիրները բացահայտելուն և գնահատելուն միտված հետազոտությունները:
Հանդիպման ընթացքում Սփյուռքում առկա հայապահպանության, լեզվի ու մշակույթի քարոզչությանն ուղղված միջոցառումների շրջանակներում համագործակցության վերաբերյալ մտքեր փոխանակվեցին: Կարևորվեց հատկապես երիտասարդության շրջանում հայրենաճանաչողությանը միտված ծրագրերի իրականացումը: