Yahoo!-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Ռոս Լևինսոնը գլխավորել է Guggenheim Digital Media ընկերությունը, որը հրատարակում է The Hollywood Reporter, Billboard և Adweek պարբերականները: Այս մասին հայտնում է THR կայքը:
Ինչպես ասվում է մամլո հաղորդագրությունում, Լևինսոնի գլխավորությամբ Guggenheim Digital Media ընկերությունը, որը նախկինում կոչվել է Prometheus Global Media, կզբաղվի արդեն գոյություն ունեցող ստորաբաժանումների զարգացմամբ, մեդիադաշտում, տեխնոլոգիաների, երաժշտության և թվային զվարճանքների ոլորտում նոր նախագծեր ձեռք բերելով: Պարբերականներից բացի` ընկերության մեջ են մտնում նաև The Film Expo Group պրոդյուսերական ու The CLIO Awards գովազդային մրցանակաբաշխությունը կազմակերպող կենտրոնները:
Ռոս Լևինսոնն իր կարիերան սկսել է Alta Vista որոնողական համակարգում և Ռուպետ Մերդոկի News Corp ընկերությունում: Մերդոկի ընկերությունում նա ղեկավարում էր Fox Sports Interactive Media-ն և Fox Interactive Media բաժինները: Նա Yahoo! ընկերություն է եկել 2010-ի հոկտեմբերին, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել 2012-ի մայիսին՝ Սկոտ Թոմփսոնի հեռանալուց հետո: 2012-ի հուլիսին ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Google-ից` Մարիսա Մայերը, իսկ Լևինսոնը պաշտոնաթող է եղել:











































