Հունվարի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցկացրել է «Համապարփակ մոտեցում ահաբեկչության դեմ պայքարում» խորագրով քննարկում, որին մասնակցել են մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և շուրջ հինգ տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը նշել է, որ ահաբեկչության սպառնալիքի չափը ու դրա ազդեցությունը ենթադրում է հակաահաբեկչության և անդրսահմանային հանցագործություններով զբաղվող ՄԱԿ-ի գործակալությունների և միջկառավարական այլ կառույցների համադրված գործողություններն ու կարևորել այդ բնագավառում ՀԱՊԿ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի և ՆԱՏՕ-ի հետ ծավալած համատեղ ծրագրերն ու համագործակցությունը: Կարեն Նազարյանը հավելել է, որ այդ բնագավառում համագործակցության վրա բացասաբար է ազդում Հայաստանի երկու հարևանների հետ սահմանների փակ լինելու հանգամանքը, ինչպես նաև չկարգավորված հակամարտության պատրվակով զենքերի ու զինամթերքի հսկայական կուտակումների պրակտիկան:
Դեսպանը անթույլատրելի է համարել ահաբեկչության համեմատումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման համար մղվող պայքարի հետ ու դատապարտել այդ իրավունքը ճնշելու համար պետական իշխանության, ինչպես նաև վարձկանների ու ահաբեկչական խմբավորումների օգտագործումը:
Իր ելույթի մեկ այլ բաժնում Կարեն Նազարյանը նաև անդրադարձել է մեր անմիջական հարևանությամբ պետական մակարդակով ատելության քարոզմանը, որը կարող է սնուցել ահաբեկչության հանցագործությանը, և կոչ արել հրաժարվել այդ վարվելակերպից ու փոխարինել այն հանդուրժողականությամբ ու երկխոսությամբ:







































