Israel Aerospace Industries (IAI) ընկերությունն աշխատանքներ է իրականացնում «թիթեռնիկ» փոքրիկ անօդաչու թռչող սարքի պատրաստման համար։ Flightglobal-ը գրում է, որ սարքը կկշռի մի քանի գրամ և օդում կարող է մնալ 20 րոպե։
Ներկայումս մշակվում է նոր ԱԹՍ-երի երկու տարբերակ. փոքր «թիթեռնիկը» կշռի 8 գ, իսկ մեծը՝ 13 գ։ Սարքի մարտկոցի քաշը կլինի 2 գ։ ԱԹՍ-երը կունենան միկրոտեսախցիկներ՝ 0,1 գ քաշով։
Սարքերը կաշխատեն կոմպակտ էլեկտրաշարժիչով՝ 7000 պտույտ/րոպե արագությամբ։ ԱԹՍ-ի օպերատորի հրահանգները կաշխատեն թռիչքի կառավարման համակարգի միջոցով, որը կկշռի 3 գ։
«Թիթեռնիկի» թևերը պատրաստված կլինեն թափանցիկ ածխային նյութից։ Նախատեսվում են հոսքագծեր՝ այս ԱԹՍ-երի սերիական արտադրության համար։
Այս սարքերը նախատեսված են հիմնականում գերեվարված մարդկանց ազատելու գործողություններ իրականացնելու համար։ Սարքն իր մեջ տեղադրված միկրոֆոնի և տեսախցիկի միջոցով աննկատ կերպով կկարողանա տեղեկություններ հավաքել միջադեպի վայրից։
Ինչպես հաղորդում է Flightglobal, IAI-ի ինժեներները, սարքը ստեղծելիս աշխատել են «եթե մի բան կարողանում է բնությունը, ապա մենք կփորձենք ընդօրինակել նրան» լոզունգով։ Սարքի ստեղծման աշխատանքները սկսվել են ճպուռի նման քառաթև մոդելի նախագծումից։ Նախատեսվում է այն կատարելագործել և դարձնել երկթև։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդյունք կտան մի քանի ամսից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն ԱՄՆ-ի օգնությամբ կիբորգ-միջատների ստեղծման աշխատանքներ է տանում։ Գիտնականների հետազոտությունների մեջ են մտնում մորեխների, բզեզների և ճպուռների շարժումների մեխանիկայի ուսումնասիրությունները։
Սարքերը նախատեսվում է օգտագործել հետախուզական աշխատանքներում ևս։












































