Հալեպում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին РИА Новости-ին հաղորդել է Սիրիայում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը։
Հալեպն իր նշանակությամբ երկրորդ քաղաքն է Սիրիայում, երկրի տնտեսական մայրաքաղաքը։ Այն Դամասկոսից 340 կմ դեպի հյուսիս է գտնվում։ Արդեն կես տարի է՝ Հալեպը խոշորագույն մարտական գործողությունների թատերաբեմի է վերածվել։ Քաղաքի մեծ մասը գտնվում է, այսպես կոչված, Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) վերահսկողության տակ։
Հալեպում մթերքի խիստ պակաս կա, հատկապես՝ հացի։ Քաղաքի մի քանի շրջաններին էլեկտրաէներգիա չի մատակարարվում։
Սիրիայում զինված հակամարտությունը սկսվել է 2011-ի մարտից, ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է տասնյակ հազարների։ Սիրիայի իշխանություններն ընդդիմադիրներին համարում են «զինված ահաբեկիչներ», որոնց աջակցում են արտերկրից։









































