Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ, Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Հաթայ նահանգի (Ալեքսանդրետի սանջակ) Հասսա շրջանում միմյանց են բախվել ժանդարմերիայի ստորաբաժանումներն ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները:
Նշվում է, որ ժանդարմերիայի ստորաբաժանումը, հայտնաբերելով Սիրիայից ներթափանցած քուրդ զինյալներին, պահանջել է հանձնվել, ինչին քուրդ զինյալները պատասխանել են կրակահերթով:
Բախման արդյունքում զոհվել է 7 քուրդ զինյալ: Ժանդարմերիայի ջոկատն առգրավել է ամերիկյան արտադրության M-16 տիպի 7 ինքնաձիգ, 14 ձեռքի նռնակ, 4 կիլոգրամ A-4 տիպի պայթուցիկ նյութ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ժանդարմերիան հիմնվել է դեռևս օսմանյան ժամանակներում` 1839 թվականին: Ներկայումս ժանդարմերիան ոստիկանական գործառույթներ է իրականացնում այն վայրերում, որտեղ ոստիկանությունը չի ծավալել իր գործունեությունը, սակայն 250.000-անոց անձնակազմ ունեցող ժանդարմերիան պատկանում է զինված ուժերին:









































