Ապրիլի 3-8-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների թատերական միջազգային փառատոնը: Փառատոնն անցկացվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության ու Թատերական գործիչների միության աջակցությամբ:
Այս տարի փառատոնի ընթացքում կցուցադրվի 17 ներկայացում` Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից և Եգիպտոսից հրավիրված դերասանների մասնակցությամբ: Փառատոնին մասնակցում են նաև հայ դերասաններ:
Փառատոնը կբացի ճանաչված գերմանացի դերասան Ֆիլիպ Հոխմեյրը` «Վերթեր» մոնոներկայացմամբ: «Արմմոնո»-ի շրջանակներում հանդես կգա Մոսկվայի Ե.Վախթանգովի անվան թատրոնի դերասան Յուրի Կրասկովը` «Լսելով հեռուն» մոնոներկայացմամբ: Ռուսական ծրագրի շրջանակներում` թատերասերներին կներկայանա նաև դերասանուհի Իրինա Եվդոկիմովան` «Ոչ ոք» մոնոներկայացմամբ:
Փառատոնի միջազգային ծրագիրը ներառում է հայտնի դերասանուհի Վերոնիկ Դանիելի «Ցանկությունների երաժշտություն» (Ֆրանսիա), Ժան Պոլ Շին Տյուի «Առաջին մարդը» (Ֆրանսիա), Գաբրիելա Մուսկալաի «Բուենոս Այրեսից վերադառնալիս» (Գերմանիա), Սամաա Իբրահիմի «Կարմեն» (Եգիպտոս), Բիրուտե Մարի «Ունե» (Լիտվա), Հովարդ Ռիպպի «Ջիմփել հիմարիկը» (Իսրայել) ներկայացումները: Հայաստանյան ծրագրում հանդես կգան Արամ Հովհաննիսյանը` «Արա Գեղեցիկ» մոնոներկայացմամբ, Սամվել Բաղինյանը` «Ֆիեստա», Մարիամ Ղազանչյանը` «Մարսել», Հասմիկ Վերդյանը` «Սևիլուհին…», Ռոբերտ Հակոբյանը` «Ձեզ եմ դիմում…», Գրետա Մեջլումյանը` «Ծառերը», Նարեկ Ներսիսյանը` «Լյուսիեն Լյուկ», «Միհր» թատրոնը` «Պիեսներ մահվան մասին շարք» մոնոներկայացումներով: Փառատոնն իրենց ներկայությամբ կպատվեն մոնոփառատոների ղեկավար-տնօրեններ:
Հիշեցնենք, որ «Արմմոնո» առաջին միջազգային փառատոնը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:









































