Այսօր Երևանի միջազգային կանանց միավորումը IWAY-ի նախաձեռնությամբ Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպել էր Սուրբծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառը: Միջոցառման ընթացքում հավաքված գումարները IWAY-ը կուղղորդի Գորիսի և հարակից գյուղերի կանանց և նրանց ընտանիքների կյանքը բարելավելուն, հոգսերը թեթևացնելուն: Նախաձեռնության հիմնական նպատակն է Շինուհայր գյուղի բրդի արտադրամասի վերանորոգումը, ինչի շնորհիվ կանանց համար աշխատատեղեր կստեղծվեն՝ ապահովելով նրանց ընտանիքների ֆինանսական կայունությունը:
«Հավաքագրված գումարը 20 գործազուրկ կանանց հնարավորություն կտա աջակցել իրենց ընտանիքներին»,- իր բացման խոսքում ասաց IWAY-ի նախագահ Էլլա Բարկերը: Այս տարվա տոնավաճառում վաճառվում էին ձեռագործ աշխատանքներ, քաղցրավենիք և անուշեղեն՝ պատրաստված IWAY-ի անդամների կողմից: IWAY-ի երգչախումբը կատարեց սուրբծննդյան շարականներ, տոնավաճառն իրենց հնչյուններով լցրին նաև Cico&Friends Jazz նվագախումբը, QSI մանկական երգչախումբը և այլն:
Միջոցառմանն աջակցում էին մի շարք դեսպանություններ: Դեսպանությունների ներկայացուցիչները ևս ներկայացնում էին իրենց երկրների բարիքները՝ հորդորելով գնել և աջակցել բարեգործական միջոցառմանը: