Նյու Յորքի ոստիկանությունը տասնյակ մարդկանց է ձերբակալել երկրորդ օրը շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում, որոնք կապված են աֆրոամերիկացի Էրիկ Գարների՝ ոստիկանության կողմից ձերբակալության ժամանակ նրա մահվան հետ: Այս մասին հայտնում է New York Times-ը:
Թերթի հաղորդմամբ՝ հինգշաբթի երեկոյան ցույցին մասնակցելու համար քաղաքի փողոցներ են դուրս եկել հազարավոր մարդիկ: Բրուքլինում «պառկած» ակցիա է կազմակերպվել. ցուցարարները պառկել են ոստիկանների ձեռքով սպանվածների անուններով գերեզմանների կրկնօրինակների կողքին:
Բողոքի ակցիաների ժամանակ մի քանի անգամ փակվել է երթևեկությունը Բրուքլինը և Մանհեթենը կապող Մանհեթենի և Բրուքլինի կամուրջներով: Թայմս Սքվեր հրապարակում ցուցարարները կանգնել են ոստիկանական պատնեշների կողքին և երգում են. «NYPD (Նյու Յորքի ոստիկանություն) – ККК (կու-կլուքս-կլան), դու այսօր քանի՞ երեխա ես սպանել»: Հենց Թայմս Սքվերում ուրբաթ գիշերը մի քանի մարդ է ձերբակալվել:
Պարբերականի տեղեկությամբ՝ առնվազն 24 մարդ է ձերբակալվել 42-րդ փողոցում ոստիկանության հետ բախումից հետո:
Նյու Յորքում բողոքի ակցիաներն անցկացվում են Դենիել Պանտալեոյին արդարացնելու երդվյալ ատենակալների վճռի պատճառով: Ոստիկանն այս տարվա հուլիսին ծխախոտի անօրինական առևտրի կասկածանքով Գարներին ձերբակալելու ժամանակ կիրառել է ոստիկանության համար արգելված՝ խեղդող հնարք: Ասթմայով տառապող Գարները խեղդվել է:











































