Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Թրաֆալգարի հրապարակում երեկ երեկոյան վառվել են երկրի գլխավոր սուրբծննդյան եղևնու լույսերը՝ հայտնում է TASS-ը:
Եղևնու բարձրությունը 21 մետր է, այն զարդարված է 900 լուսադիոդային լամպերով:
Եղևնին հրապարակում կմնա մինչև հունվարի 6-ը՝ Աստվածահայտնության տոնը: Եղևնու լույսերի վառման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Լոնդոնի քաղաքապետի տեղակալ Վիկտորյա Բորվիկը, Օսլոյի քաղաքապետ Ստիան Բերգեր Ռոսլանդը:
Սուրբ ծննդից առաջ ամեն տարի բարձր եղևնին Լոնդոն է բերվում Նորվեգիայի անտառներից: Այդ ավանդույթի հիմքը դրվել է 1947-ին: Այդկերպ նորվեգացիներն իրենց երախտագիտությունն են հայտնում բրիտանացիներին այն օգնության համար, որ ցուցաբերվել է իրենց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նացիստական օկուպացիայի տարիներին Նորվեգիայի աքսորյալ թագավորական ընտանիքը ու երկրի կառավարությունը ապրում ու աշխատում էին Լոնդոնում:









































