Իսպանիայի արքայական ընտանիքի անդամները չեն կարողանա թանկարժեք նվերներ ստանալ և օգտվել անվճար ծառայություններից` համաձայն Ֆելիպե VI թագավորի կարգադրության, գրում է El Pais պարբերականը:
Մասնավորապես` խոսքն արտոնյալ վարկերի կամ ինքնաթիռների անվճար տոմսերի մասին է, ինչպես նաև ցանկացած այլ նվերների, որոնք «գերազանցում են սովորական, սոցիալական կամ բարեգործական նվերներին»:
Արքայական ընտանիքի նոր օրենքներն ուժի մեջ կմտնեն 2015-ի հունվարի 1-ից: Դրանք կվերաբերեն Ֆելիպե թագավորին, նրա կնոջը` Լետիսիային, դուստրերին` թագաժառանգ արքայադուստր Լեոնորին և նրա կրտսեր քրոջը` Սոֆյային, ինչպես նաև թագավորի հորը`Խուան Կարլոսին և նրա կնոջը` դոնա Սոֆյային: Թագավորի քույրերը` Ելենան և Քրիստինան, այս ձևաչափերի ներքո չեն հայտնվում, քանի որ պաշտոնապես արքայական ընտանիքի անդամներ չեն համարվում:











































