Ադրբեջանցի գիտնական-աստվածաբան, փիլիսոփայության դոկտոր Էլշան Մուստաֆաօղլուն իր կարծիքն է հայտնել ազգային բանակում զինվորների մահվան առնչությամբ: Նա SalamNews-ին հայտնել է, որ զինվորի մահվան հետ կապված վերջին դեպքը վրդովեցրել է ազգին: Նրա խոսքով` ցավոք, զինվորների մահվան փաստերը ավանդական են դարձել Ադրբեջանի Զինված ուժերի համար: Միայն 2012 թվականին չպարզված հանգամանքներում 100 զինվոր է մահացել: Պաշտոնապես նշվում է, որ նրանցից միայն 10-15-ն են զոհվել հայերի ձեռքով:
Մուստաֆաօղլուն նշել է, որ ծնողները դժվարությամբ մեծացնում են իրենց երեխաներին, ուղարկում զինվորական ծառայության, իսկ երեխաները դառնում են դավաճանության զոհ: «Պաշտպանության նախարարությունը պետք է պաշտպանի մեր երկիրը, ազգը, սակայն ստացվում է, որ մեր ազգը պետք է պաշտպանի իր երեխաներին նրանից»:
«Ժողովրդի դիտարկմամբ՝ մեր զինվորներին վիրավորում են, նրանք հիվանդանում են, նրանց ծեծում են՝ ընդհուպ մինչև հասցնելով մահվան: Դա խնդիր է դարձել ողջ հասարակության համար»,- նշել է նա:
Մուստաֆաօղլուի կարծիքով՝ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը պետք է հրաժարական տա, քանի որ ՊՆ ղեկավարությունը թաթախված է բազմաթիվ մեքենայություններում, որոնց մասին 20 տարի է՝ խոսվում է ԶԼՄ-ներում:









































