Շրջանառվող տեղեկություններով, ՀՀ նախագահական ընտրություններից հետո, որին Սերժ Սարգսյանը գնում է առանց հավասարազոր կարողությունների տիրապետող մրցակցի, հավանական է` ԱԺ նախագահի փոփոխություն լինի: Նախ` Հովիկ Աբրահամյանը չապահովեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սատարումը Սերժ Սարգսյանին, ինչպես, ըստ տեղեկությունների, խոստացել էր, հետո էլ` Սերժ Սարգսյանի առջև Արևմուտքը խնդիր է դրել ազատվել օլիգարխներից, իսկ ԱԺ գործող նախագահ Հովիկ Աբրահամյանը համարվում է օլիգարխիայի ներկայացուցիչ: Այնպես որ, հնարավոր է գոնե առերևույթ փոփոխություն լինի: ԱԺ նախագահի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է արդարադատության նախկին նախարար, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի անունը: Երեկ այդ առթիվ «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց նրան:
– Պարոն Հարությունյան, խոսք է գնում այն մասին, որ ՀՀ նախագահի ընտրություններից հետո հնարավոր է ԱԺ նախագահի փոփոխություն լինի և հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է Ձեր անունը: Դուք պատրա՞ստ եք այդ բեռը վերցնել Ձեր ուսերին:
– Ո՚չ, պատրաստ չեմ:
– Ինչո՞ւ:
– Ես ասել եմ, ինձ չի հետաքրքրում այդ պաշտոնը:
– Իսկ եթե կուսակցությունը Ձեզ այնուամենայնիվ հորդորի, կամ Սերժ Սարգսյանն առաջարկի:
– Դե, երբ կհորդորի, այն ժամանակ կխոսենք:
– Կարելի՞ է կարծել` խուսափում եք պատասխանատվությունից, թե՞ միգուցե մտածում եք` ԱԺ-ի օլիգարխների հետ չեք կարողանա լեզու գտնել:
– Ես արդեն պատասխանեցի այդ հարցին: Փնտրել էստեղ այլ երանգ, չարժե:
– Իսկ Դուք ո՞ւմ եք տեսնում ԱԺ հաջորդ նախագահի պաշտոնում ընտրություններից հետո:
– Ես, ճիշտն ասած, դեռևս տեսնում եմ Հովիկ Աբրահամյանին: …Նախագահական ընտրություններից հետո ԱԺ նախագահի փոփոխություններ չեն լինի, համենայնդեպս, ես հիմքեր չեմ տեսնում:
– Հատկապես ի՞նչն եք գնահատում Հովիկ Աբրահամյանի աշխատանքի մեջ, օրենսդրական ո՞ր գործերն եք գնահատում:
– Ի՞նչ է նշանակում` օրենսդրական որ գործերը:
– Ուզում եմ հասկանալ` ի՞նչն եք գնահատում Հովիկ Աբրահամյանի աշխատանքում, եթե իրեն եք կրկին տեսնում այդ պաշտոնում:
– ԱԺ նախագահը պետք է ունենա մի շարք շատ կարևոր հատկանիշներ: Օրինակ` շրջահայացություն:
– Ո՞ր հարցերում:
– Ցանկացած:
Մեր մյուս հարցերին Դավիթ Հարությունյանը հրաժարվեց պատասխանել:









































