Անհայտ անձինք Աթենքում այս գիշեր կրակել են աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիա» կուսակցության գրասենյակի վրա: Մի փամփուշտ դիպել է վարչապետ Անտոնիս Սամարասի սենյակին,- հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով «Էթնոս» թերթի կայքին:
Նախնական տեղեկություններով՝ 2 անհայտ անձ գիշերը տեղական ժամանակով ժ. 3:00-ին (Երևանի ժամանակով ժ. 05.00-ին) Կալաշնիկով ինքնաձիգից կրակել են գրասենյակի ուղղությամբ, ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է 9 փամփուշտ:
Ներկայումս շրջանի մուտքը փակ է, հետաքննությանը միացել են նաև սակրավորներն ու հակաահաբեկչական ստորաբաժանումները:
Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմոս Կեդիկօղլուի խոսքով՝ հարձակվողների թիրախը եղել է Սամարասի սենյակը:
Հունաստանի վարչապետին տեղեկացրել են կատարվածի մասին:
Նախօրեին անհայտ անձինք վառել էին Աթենքում իշխող կոալիցիայի մաս կազմող հայտնի կուսակցությունների գրասենյակները: «Նոր դեմոկրատիայի» գրասենյակներից մեկում պայթել էր ինքնաշեն ռումբ:
Կիրակի գիշերը անհայտ անձինք այրել էին Կեդիկօղլուի եղբոր տունը, մինչ այդ այրվել էին հույն հայտնի հեռուստահաղորդավարների տները:






































