ԱՄՆ-ի և Աֆղանստանի իշխանությունները Համիդ Քարզայի` Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա 5 տարիներին աֆղանական անվտանգության ուժերի ընդհանուր թվաքանակը պահպանելու մասին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ 2014 թվականից հետո, երբ երկիրը լքի ՆԱՏՕ-ի զորակազմի հիմնական մասը, անվտանգության ուժերի շարքում աֆղան զինվորականների թիվը կկրճատվի 100 հազարով: Ներկայում այդ ստորաբաժանումներում ծառայում է 350 հազար մարդ:
Ինչպես հաղորդել է Աֆղանստանի նախագահի մամլո ծառայությունը, ԱՄՆ այցի ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև դեպի Աֆղանստան սպառազինության նոր տեսակների մատակարարումների վերաբերյալ:
Մասնավորապես, աֆղանական ազգային բանակը 6 ամսվա ընթացքում պետք է ստանա 4 մարտավարական տրանսպորտային C-130 Hercules ինքնաթիռ, իսկ մեկ տարվա ընթացքում` 20 ուղղաթիռ:









































