Հնդկացին, որը ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման կողմից կռվելու համար մեկնել է Իրաք, հայտարարել է, որ իսլամիստներն իրեն ստիպել են ստորացուցիչ աշխատանք կատարել, մասնավորապես՝ զուգարանները մաքրել: Այս մասին հայտնում է The Times-ը:
23-ամյա Արիբ Մաջիդն ինժեների մասնագիտություն է ստացել Մումբայում, երբ նրան Facebook-ի միջոցով հավաքագրել են և առաջարկել մեկնել Իրաք: Նրա հետ ևս 3 հոգի է մեկնել:
Իրաք հասնելուն պես՝ նրանց սովորեցրել են տարատեսակ զենքերի հետ վարվեցողություն, նաև ստիպել են բանավոր և գրավոր թեստեր անցնել, բայց այդպես էլ թույլ չեն տվել մասնակցել ռազմական գործողություններին: Նրա խոսքով՝ հետագայում իսլամիստներն իրեն հանձնարարել են միայն ջուր կրել կամ զուգարանները մաքրել:
Նրան տուն վերադառնալ օգնել է դժբախտ դեպքը, որի հետևանքով նա ստացել է հրազենային վիրավորում: Ընդ որում՝ նրան բուժօգնություն են ցույց տվել միայն բազմաթիվ խնդրանքներից հետո: Այնուհետև Մաջիդին տեղափոխել են Թուրքիա՝ բուժվելու, որտեղից նա վերադարձել է Հնդկաստան:
Մումբայ վերադառնալուն պես՝ Մաջիդը ձերբակալվել է անօրինական ռազմականացված խմբավորումներին անդամակցելու համար:









































