Խոշորագույն ամերիկյան ավտոարտադրող General Motors-ը երկուշաբթի հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի շուկայից ավտոմեքենաների հերթական հետկանչի մասին: Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը:
Այս անգամ սպասարկման ակցիան վերաբերում է Buick Lacrosse սեդաններին, ինչպես նաև Chevrolet Trailblazer, GMC Envoy, Buick Rainier, Saab 9-7X և Isuzu Ascender արտաճանապարհային մեքենաներին: Բոլոր մեքենաները 2006-2009թթ. մոդելային արտադրանք են:
General Motors-ը նշում է, որ այդ մեքենաների առջևի լուսարձակների աշխատանքում հայտնաբերվել է թերություն, ինչը կարող է հանգեցնել դրանց հանկարծակի անջատման:
Ավտոարտադրողը հայտնել է, որ իրեն հայտնի չէ որևէ միջադեպի մասին՝ կապված անսարքության հետ: Ընկերությունը խոստանում է անվճար վերացնել հետկանչի ենթակա մեքենաների մոտ առկա թերությունը:
Տարեսկզբից GM-ը Հյուսիսային Ամերիկայից տարբեր խնդիրների պատճառով հետ է կանչել արդեն 30.4 մլն մեքենա:










































