Արևելյան Եվրոպան մնում է 4 առավել խնդրահարույց տարածաշրջաններից մեկն աշխարհում՝ ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարի տեսանկյունից: Այս մասին լրագրողներին հայտնել է UNAIDS-ի նյույորքյան գրասենյակի ղեկավար Սայմոն Բլանդը՝ փոխանցում է TASS գործակալությունը:
«Ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք դրական դինամիկա. նվազում է վարակման և մահվան դեպքերի թիվը: Բացառություն են միայն մի քանի տարածաշրջաններ, որոնցում մենք նկատում ենք հակառակ միտումը և անհանգստացած ենք: Դրանք են՝ Արևելյան Եվրոպան, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան»,- ասել է Բլանդը:
Ինչ վերաբերում է ԽՍՀՄ երկրներին, նա հստակեցել է, որ ՄԱԿ-ի փորձագետների անհանգստությունը առավելապես առաջացնում է Ռուսաստանը:
Նա ապահովված երկրներին կոչ է արել ստանձնել հիվանդության դեմ պայքարին ուղղված ջանքերի ֆինանսավորման պատասխանատվության մեծ մասը:
UNAIDS-ի տվյալներով՝ ՄԻԱՎ ինֆեկցիայով այսօր աշխարհում ապրում է մոտ 35 մլն մարդ: 2013-ին աշխարհում ՁԻԱՀ-ից մահացել է 1.5 մլն մարդ, վարակվածների թիվը կազմել է 2.1 մլն, որից 240 հազարը երեխաներ են:












































