Ֆրանսիայի կաթոլիկ եպիսկոպոսները տասնյակ հազարավոր ցուցարարների հետ այսօր դուրս կգան Փարիզի փողոցներ՝ իրենց բողոքը հայտնելու միասեռական ամուսնությունների օրինականացման և միասեռական զույգերի կողմից երեխաների որդեգրման մասին օրինագծի դեմ: Այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն:
«Խոսքը կառավարությանը դիմակայելու մասին չէ, այլ ընտանեկան արժեքի, ամուսնությունը որպես կնոջ և տղամարդու միջև միության աջակցման և երեխաների իրավունքների պաշտպանության մասին»,- հայտարարել է եպիսկոպոս Գի դե Կերիմելոն:
Նրա կարծիքով՝ միասեռական կողմնորոշմամբ մարդիկ հասարակական ճանաչման իրավունք ունեն, սակայն ոչ այն բանի համար, որ երեխաներին վնաս հասցնեն:
Ցույցին իրենց մասնակցության մասին հայտարարել են նաև եպիսկոպոսներ Ռայմոն Սենտենեն, Մորիս դե Ժերմինին և այլ հոգևոր պետեր:
Իշխանությունների հետ համաձայնեցված բողոքի ցույցեր կանցկացվեն նաև Նանսիում և Ռեյմսում:
Փարիզի թեմի կայքում հայտնվել է տեքստ, որով կաթոլիկները պատգամավորներին, սենատորներին և քաղաքապետերին կոչ են անում չընդունել օրինագիծը:









































