Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը բոլիվիացի ժողովրդի բարոյական հաղթանակ է համարում կոկայի տերևների օգտագործման մի քանի եղանակի օրինականացման մասին ՄԱԿ-ի որոշումը, այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Բոլիվիային հաջողվել է հասնել Թմրանյութերի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի տեքստից կարևոր բացառման, համաձայն որի՝ այդ երկրում պաշտոնապես թույլատրվում է կոկայի մշակումն ու դրա տերևների օգտագործումը բժշկական և ծիսական նպատակնեով: Բոլիվիան այժմ կրկին կմիանա այդ կոնվենցիային, որից դուրս էր եկել 2011-ի հունիսին:
Մորալեսի խոսքով՝ կոկայի տերևները անարդարացիորեն քրեականացվել էին միջազգային մակարդակով: Բացի դրանից՝ կոկայի տերևներ ծամելը, ըստ նախագահի, որը հղում է անում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությանը, ավելի օգտակար է, քան վնասակար:
Մորալեսն անձամբ ժամանակին կոկայի թփեր է աճեցրել: Նա միջազգային ֆորումներում բազմիցս հանդես է եկել ի պաշտպանություն կոկայի օգտագործման օրինականացման, նույնիսկ մի անգամ Թմրանյութերի հարցերով ՄԱԿ-ի կոնֆերանսի ժամանակ կոկայի տերևներ է ծամել:








































