Աշունը անսպասելիորեն թեժ ավարտվեց Հայաստանի իրավապահ համակարգում, որտեղ բավական ցցուն հակադրություն դրսևորեցին Գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը: Նախ գլխավոր դատախազությունը, այսպես ասած, հետ ուղարկեց «Ա1+» հեռուստաընկերության լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով ՀՔԾ որոշումը, որպեսզի գործը նորից քննվի, քանի որ ըստ գլխավոր դատախազության՝ այն քննվել է մի շարք թերացումներով, և լրագրողը անհիմն կերպով տուժող չի ճանաչվել:
Այստեղ Գևորգ Կոստանյանի գլխավորած կառույցի դիրքորոշումը հետաքրքրական է ոչ միայն լոկ ՀՔԾ-ի հանդեպ նման վերաբերմունքով, այլ նաև ըստ էության անվտանգության ծառայությունների, քանի որ լրագրողի աշխատանքը խոչընդոտել էր ԱԺ անվտանգության ծառայության աշխատակիցը: ՀՔԾ-ն Գլխավոր դատախազությանը պատասխանել էր բավականին արհամարհական ու անհարգալից տոնով: Դեռ պարզ չէ, թե արդյոք Գլխավոր դատախազությունն ի՞նչ պատասխան կտա Հատուկ քննչական ծառայությանը, սակայն ակնհայտ է Հայաստանի իրավապահ համակարգում առաջացած ներգերատեսչական պայքարը, որի դրսևորումներից մեկն էլ, անկասկած, Գլխավոր դատախազության գործողություններն էին Քննչական նորաստեղծ կոմիտեի դեմ:
Հիշեցնենք, որ կոմիտեն չէր հասցրել ստեղծվել, երբ դրա ձևավորման մասին հայտարարությունից մի քանի օր անց Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց կոմիտեի մի շարք քննիչների հանդեպ, իսկ կոմիտեն էլ հանդես եկավ հայտարարությամբ և հույս հայտնեց, որ գործերը անաչառ կվարվեն:
Այսպիսով՝ այնպիսի տպավորություն է, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը փորձում է համակարգում ամրացնել իր դերակատարումը: Եվ եթե այս գործում նա համարձակվում է նույնիսկ ամենակարող Աղվան Գառնիկիչի գերատեսչությանը մարտահրավեր նետել ու դրանից հետո էլ արդեն ՀՔԾ-ին, նշանակում է, որ Կոստանյանը կարող է ունենալ, այսպես ասած, ավելի բարձր թույլտվություն նման քայլերի կապակցությամբ:
Միևնույն ժամանակ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հենց Հատուկ քննչական ծառայությանն էր «քարտ-բլանշ» տվել՝ փոխելով ծառայության ղեկավարին: Ներգերատեսչական պայքարն, իհարկե, բնորոշ է կառավարման բոլոր համակարգերին, սակայն այդ պայքարն առանձնահատուկ բնույթ և նշանակություն է ունենում այն համակարգերում, որոնք հիմնված չեն Սահմանադրության ու օրենքների վրա, այլ գործում են ներքին պայմանավորվածությունների և կուլիսային հարաբերությունների սկզբունքով:
Ահա նման համակարգերում ցցուն կերպով դրսևորվող այդ դրվագները ըստ էության վկայում են ավելիի մասին, քան զուտ գերատեսչական շահերի բախումն է: Խնդիրն այն է, որ նման հարաբերությունները ողջ համակարգի մոտ առաջ են բերում անվստահություն ընդհանուր բուրգի նկատմամբ, և սա է պատճառը, որ նման հրապարակային միջգերատեսչական «ռազբորկաները» նման համակարգերում չեն խրախուսվում, քանի որ դրանք անխուսափելիորեն բերում են ներհամակարգային անվստահության և անկայունության ռիսկերի:
Ուստի իրավապահ համակարգում տեղի ունեցողը կա՛մ վկայում է Հայաստանի իշխանական համակարգում կառավարելիության լուրջ ճգնաժամի մասին, երբ նման հրապարակային կերպով իրար հետ հաշիվներ են մաքրում այնպիսի գերատեսչություններ, որոնք հայաստանյան իշխող համակարգի հիմնասյուներից մեկն են, կա՛մ էլ այդ հակադրությունների դրսևորումները կառավարելի են և իշխանական համակարգում ստատուս քվոյի փոփոխություններին ուղղված գործողությունների մի օղակն են:
Անկասկած, բացառել պետք չէ նաև, այսպես ասած, «հետախուզական» տարբերակը, որով պարզապես այս կարևոր կառույցների միջև առաջ բերվող հակադրությունների միջոցով փորձ է արվում որոշակի վարք սադրել իշխանական համակարգի այս կամ այն թևերի մոտ և այսպես ասած՝ «ինքնաբացահայտումներ» սադրել, որոնք կարևոր են ներքաղաքական պայքարի սրացման ֆոնին:










































