Դոլարի թանկացմանը զուգահեռ՝ շուկայում արձանագրված գնաճին «Առաջին լրատվական»-ն արդեն իսկ անդրադարձել է, սակայն այս անգամ դիտարկել ենք մսամթերքի և պանրի շուկան, որտեղ պատկերը ևս նույնն է:
Սառեցված խոզի մսի կիլոգրամը երեկ վաճառվում էր 2200-2300 դրամով, բայց մսի վաճառակետի աշխատողներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ դոլարի թանկացմամբ պայմանավորված՝ առաջիկայում վերանայումներ կարվեն: «Դոլարի այս բարձրացումը ժողովրդի տունը կքանդի: Ժողովուրդն այս օրերին առևտուր չի անում, սպասում է՝ մի քիչ փող տնտեսի, որ կարողանա նոր տարվա շեմին գոնե ամեն ինչից մի քիչ առնի: Մենք ներկրված միսը դեռ չենք թանկացրել, ի վնաս մեզ՝ դեռ նույն գնով ենք վաճառում, բայց եթե դոլարի կուրսը այսպես շարունակի բարձրանալ, և Ամանորի շեմին պահանջարկն էլ մեծանա, մենք ստիպված կթանկացնենք»,-ասաց նա:
Տեղական պանրի վաճառակետերի աշխատողների խոսքով էլ՝ դոլարի թանկացմամբ պայմանավորված՝ կթանկանա անգամ տեղական արտադրանքը, քանի որ արտադրողները արտադրանքը կազմակերպելու համար բանկից դոլարով վարկ են վերցրել և հիմա փակում են այդ վարկը: «Ես արտադրող չեմ, բայց արտադրողը վարկ է վերցրել, որ իր աշխատանքները կազմակերպի: Հիմա էլ վարկ է փակում: Ու եթե դոլարը թանկացել է, ապա նա էլ պետք է ապրանքը թանկացնի, որ կարողանա փակել այդ վարկը և վնասով չաշխատել»,- ասաց մեր զրուցակիցը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































