«Իշխանությունը հանգիստ է վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում: Ես ուղղակի ողջունում եմ իմ գործընկերների արտահայտած կարծիքները, ամիսներ շարունակ տևած խոսակցություններին՝ ինչպե՞ս կքվեարկեք, կողմնորոշվե՞լ եք, թե՞ ոչ, վերջ դրվեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը՝ գնահատելով ԲՀԿ-ի՝ ԵՏՄ անդամակցությանը կողմ քվեարկելու դիրքորոշումը:
«Որևէ մեկ այլ քաղաքական ուժի մենք հակառակորդ, առավել ևս՝ թշնամի չենք տեսնում, տեսնում ենք մրցակիցներ, և դա ճիշտ է, այլապես քաղաքական զարգացումներ տեղի չէին ունենա: Իրենց իրավունքն է՝ ինչպիսի դիրքորոշում կունենան: Փաստորեն, այսօր նրանք հստակեցրին իրենց դիրքորոշումը։ Մնացած քաղաքական ուժերը երբ կհաստակեցնեն իրենք դիրքորոշումները՝ ժամանակի հարց է, առաջիկա լիագումար նիստերի ժամանակ յուրքանչյուր քաղաքական ուժ և յուրաքանչյուր պատգամավոր կհստակեցնի իր դիրքորոշումը»,-նշեց նա:
Այնուամենայնիվ, ԱԺ ՀՀԿ խմբակցությունից որևէ մեկը ԵՏՄ փաստաթղթին դեմ չի քվեարկի. «Սա մեր գիտակցված որոշումն էր, և այդ գիտակցված որոշմանը կողմ են արտահայտվել կուսակցության բոլոր պատգամավորները»,- հավելեց Արտակ Դավթյանը: