Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ֆրանսիական զորքերն արդեն սկսել են մասնակցել Մալիում ապստամբ-իսլամիստների դեմ ծավալվող ռազմական գործողություններին:
Նախագահի խոսքերով՝ ֆրանսիական զինվորականներն «աջակցում են Մալիի բանակին՝ ահաբեկիչների դեմ պայքարելու համար»: Օլանդը նշել է նաև, որ ֆրանսիական կողմի գործողությունները համապատասխանում են միջազգային օրենսդրությանը:
Ուրբաթ օրն ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ ապստամբների ահագնացող ագրեսիան սպառնում է Մալիի գոյությանը:
Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստում կոչ էր արել միջազգային խաղաղապահ զորքեր մտցնել աֆրիկայն այդ պետություն:
Ապստամբների զինված խմբավորումները, որոնք հավանաբար «Ալ-Կաիդա»-ի հետ են կապված, անցած տարվա ապրիլին վերահսկողություն են սահմանել Մալիի հյուսիսում: Այս շաբաթ ապստամբներին հաջողվել է զավթել Կոննա ռազմավարական նշանակության քաղաքը:









































