ԱՄՆ-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս քվոն անընդունելի է: Այս մասին 1news.az-ին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո ծառայությունը: Դեսպանատունը նաև նշել է, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակում է ակտիվ դերակատարում ունենալ` նպաստելով հարցի խաղաղ կարգավորմանը:
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահի վարչակազմի կայքում նախաձեռնված ստորագրահավաքը՝ հաջակցություն հայ-թուրքական սահմանի բացման, դեսպանատունը նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Հայաստանը և Թուրքիան ամոքեն անցյալի վերքերը և միասին առաջ շարժվեն դեպի անվտանգ և ծաղկող ապագա:
«Այդ նպատակով մենք Թուրքիայի խորհրդարանին կոչ ենք անում անել հաջորդ քայլը և որքան հնարավոր է շուտ վավերացնել հարաբերությունների բարելավման արձանագրությունը»,- հայտնել է դեսպանատունը:
Բացի այդ` ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում շարունակել իրական քայլերը, ինչպիսիք են՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն ու սահմանի բացումը, ինչը կարող է կարևոր դեր խաղալ հարևանների միջև կապերի ամրապնդման գործում:









































