Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ ծավալուն հարցազրույց էր տվել «Սպորտ Էքսպրես»-ին: Այսօր հրապարակվել է հարցազրույցի երկրորդ հատվածը: Մխիթարյանն անդրադարձավ աստղային հիվանդությանը, ԱՊՀ առաջնության ստեղծման գաղափարին, Լուիս Ադրիանոյի արարքին և մի շարք այլ հարցերի.
Շատ եմ ցանկանում, որ հայրս տեսներ իմ խաղը: Եթե հայրս լիներ, շատ հարցեր այլ կերպ կլուծվեին, բազմաթիվ մասնագիտական խորհուրդներ կստանայի նրանից: Ցավոք, ստացվեց այնպես, որ նա շատ վաղ լքեց մեզ: Երբ հայրս մահացավ, ես 7 տարեկան էի, այդ իսկ պատճառով չեմ հասցրել նոր որակներ ստանալ՝ դիտելով նրա խաղը: Սակայն բոլոր նրանք, ովքեր դիտել են նրա խաղը, փաստում են, որ բազմաթիվ նմանություններ ունենք:
Ադրիանոյի գոլը «Նորդշելանդ»-ի դարպասը սխալմունք էր, որը նաև նա խոստովանեց և որի համար պատժվեց: Տհաճ երևույթ էր, որից բոլորս դասեր քաղեցինք: Սակայն հիմա պետք է մոռանանք այն և առաջ շարժվենք:
2012թ. ամենահիշարժան պահն ինձ համար «Նորդշելանդ»-ի դարպասն իմ առաջին գոլն էր: Այն ինձ համար առաջինն էր Չեմպիոնների Լիգայում: Հաջողությանս գաղտինքը շատ հասարակ է. ես շրջապատված եմ հիանալի մարդկանցով, որոնք օգնում և սատարում են անհաջողությունների ժամանակ, իսկ հաջողություններով ուրախանում են:
Ես միշտ փորձում եմ խուսափել վեճերից ինչպես մարզիչների, այնպես էլ խաղացողների հետ: Բոլորի հետ հարգալից եմ և նման վերաբերմունք եմ ակնկալում նրանցից:
Փողն ինձ համար ամենակարևորը չէ: Ես չեմ ապրում վաստակելու համար, այլ վաստակում եմ գումար, որպեսզի ապրեմ:






































