Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ սկսվեց Կարինե Սոբչենկոյի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա Կարինե Սոբչենկոն 2014 թվականի հունիսի 30-ին Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղային հարկի սենյակներից մեկում խոհանոցային դանակով երկու հարված է հասցրել ու կյանքից զրկել Կարեն Մ.-ին:
Կարինե Սոբչենկոն մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Կարինեն վրդովվել է տուժող Կարենի կողմից իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ անելու պատճառով:
Կարինե Սոբչենկոն Ռուսաստանից է, բայց նրա գործով թարգման չի մասնակցում: Կարինեն հայտարարել է, որ հայերենին տիրապետում է:
Նախկինում մի քանի անգամ դատապարտված Կարինեն նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չարեց՝ հայտնելով, թե առաջին հայացքից նրան հավանեց:
Կարինեն ամուսնու հետ վարձակալական հիմունքներով բնակվել է Անդրֆեդերացիայի առաջին նրբանցքի հիշյալ տան նկուղային հարկի սենյակներից մեկում: Տուժող Կարենն էլ մեկ այլ սենյակում է ապրել: Կարինեն ու Կարենը հարևաններ են եղել, ուրեմն:
Դեպքի պահին Կարինեի ամուսինը աշխատավայրում է եղել: Եվ Կարինեն, փաստորեն, իր ասելով՝ մեն-մենակ ու խոհանոցային դանակով է պաշտպանել իր սեռական անձեռնմխելիությունը:
Կարինեն հայտնել է, թե Կարենը մի քանի անգամ է անպարկեշտ առաջարկություններ արել: Այդ մասին Կարինեն նույնիսկ ամուսնուն է ասել, ու ամուսինը դիտողություն է արել անզուսպ հարևանին:
Կարինեն չի ընդունում, որ դիտավորյալ սպանել է տուժողին: Նա հայտնել է, թե ոչինչ չի հիշում՝ ուշքի է եկել՝ արյունոտ դանակը ձեռքին…
Դատական անդրանիկ նիստը կարճ տևեց, որովհետև Կարինեի շահերի պաշտպանը այլ դատական նիստով ծանրաբեռնված էր ու չներկայացավ:
Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին:









































