Երկուշաբթի օրը Նյու Յորքի առևտրային բորսայում WTI տեսակի նավթն էժանացել է 0.73 դոլարով (0.95%): TASS-ի տեղեկացմամբ՝ այս նավթի 2015թ. հունվարյան մատակարարումների ֆյուչերսային գործարքները առևտրի վերջում կնքվել են 1 բարելի դիմաց 75.78 դոլարով:
Լոնդոնի ICE բորսայում Brent-ի ֆյուչերսային գործարքների պայմանագրերի գինը նվազել է 0.68 դոլարով՝ 79.68 դոլար 1 բարելի դիմաց: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Ըստ վերլուծաբանների՝ նավթի էժանացմանը նպաստել են առևտրի մասնակիցների սպասելիքները, թե նոյեմբերի 27-ին Վիեննայում հանդիպման ժամանակ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) որոշում չի ընդունի նավթի արդյունահանման քվոտաների կրճատման մասին՝ դրա գնի կայունացման նպատակով: Երկուշաբթի օրն ամերիկացի ներդրողներն ուշադրություն են դարձրել Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ան-Նուայմիի հայտարարությանը, թե՝ նախկինում ևս նավթի համաշխարհային շուկայում նկատվել է առաջարկի գերակայություն պահանջարկի նկատմամբ: Նրանց կարծիքով՝ այդ խոսքերը վկայում են, որ թագավորությունը չի ծրագրում կրճատել արդյունահանումը:
Բացի դրանից՝ փորձագետները նշում են, որ ՕՊԵԿ-ի քվոտաների կրճատումը պակաս հավանական է դարձել՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի հարցով միջազգային բանակցությունների երկարաձգման և իրանական նավթի արտահանման սահմանափակումների պահպանման հետ:








































