Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի արխիվը ձեռք է բերել ԱՄՆ համալսարաններից մեկը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Կոլումբիայի մշակույթի նախարար Մարիա Գարսեսը ափսոսանք է հայտնել այս գործարքի կապակցությամբ՝ արխիվի վաճառքը համարելով հսկայական կորուստ երկրի համար: Սակայն արխիվը վաճառած գրողի հարազատները հայտնել են, որ Կոլումբիայի իշխանությունները Մարկեսի գրական ժառանգության հարցով իրենց ընդհանրապես չեն դիմել:
Համալսարանի հետազոտական կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ արխիվում ներառված է մեծ գրողի ավելի քան կեսդարյա ստեղծագործական կյանքը:
Համալսարանի կողմից ձեռք բերված հավաքածուի մեջ են մտնում «Հարյուր տարվա մենություն», «Սերը խոլերայի ժամանակ» և այլ վեպերի ձեռագրերը, ավելի քան 2 հազար նամակ, Մարկեսի Նոբելյանական ելույթը, ինչպես նաև գրողի գրամեքենան և համակարգիչը:












































