Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունների և ուղղաթիռի կարևոր մասերի դուրսբերման հատուկ գործողությունը իրավամբ Հայաստանի զինուժի մարտունակության վառ վկայությունն է, և հիացմունքի ու հպարտության այն արձագանքը, որ առաջացել է Հայաստանի հասարակության շրջանում, միանգամայն օրինաչափ է ու տրամաբանական: Այլ կերպ լինել չէր կարող՝ հատկապես հաշվի առնելով իրավիճակի էմոցիոնալ բաղադրիչները, բարոյահոգեբանական նուրբ տարրերն ու նաև ռազմա-քաղաքական առանձնահատկությունները:
Հայաստանի զինված ուժերը հերթական անգամ վկայեցին, որ, ի տարբերություն պետական կառավարման գրեթե ողջ ապարատի, ըստ էության ունակ են բարդագույն խնդիրներ լուծել և կանգնած են պետության անկախության պաշտպանության դիրքերում: Եվ, իհարկե, առաջին անգամը չէ, որ հայկական զինուժը ցուցադրում է իր այս կարողությունները: Բոլորիս մեջ դեռ թարմ է հիշողությունն օգոստոսյան օրերից, երբ կրկին բանակը կանգնեց իր դիրքում և, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, կարողացավ ապահովել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը:
Այս բոլոր իրադարձությունները, սակայն, հիացմունքից ու հպարտությունից զատ, հասարակության շրջանում կամ այսպես ասած թիկունքում պետք է առաջացնեն նաև այլ՝ այսպես ասած, ոչէմոցիոնալ, ոչզգայական, ռացիոնալ գործընթացներ, պրագմատիկ գործընթացներ, հետևություններ, եզրահանգումներ:
Ակնհայտ է, որ ներկայումս Հայաստանի զինված ուժերի առաջ պարբերաբար ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները ավելի ահագնանալու բնույթ և միտումներ ունեն՝ դատելով և՛ տարածաշրջանային, և՛ աշխարհաքաղաքական զարգացումների բնույթից: Եվ այստեղ մեզ համար կան թե՛ ահռելի վտանգներ, թե՛ նոր հնարավորություններ: Ամեն ինչ կախված է այս իրավիճակին և միտումներին մեր պատրաստվածությունից: Բանակը ցուցաբերում է իր պատրաստվածությունը, սակայն ակներև է, որ խնդիրները միայն բանակով լուծել հնարավոր չէ, և բանակն էլ չի կարող անվերջ, այսպես ասած, միայնակ դիմագրավել այս մարտահրավերներին:
Վերջիվերջո, մեր հիացմունքն ու հպարտությունը, ըստ էության, պոստֆակտում բնույթի են, մինչդեռ խոսքը պետք է լինի ընդհանուր իրավիճակի, համալիր լուծումների մասին: Այսինքն՝ հասարակություն-բանակ, ընդհանրապես պետական կենսունակություն համալիր հասկացության մասին: Բանակը պետք է ամուր թիկունք ունենա՝ ի դեմս արդիական հասարակարգի, հասարակական հարաբերությունների, ի դեմս պետական արդյունավետ կառավարման, կայացած և զարգացող քաղաքական համակարգի, որը դաշտ է բերում նոր մտքեր, գաղափարներ, համարձակ նախաձեռնություններ, որոնք ունակ են հասարակական կյանք և հոգեբանություն փոխել ներկայիս բարդագույն պայմաններում:
Հայաստանը նավթագազային ռեսուրսներով հարուստ երկիր չէ. ընդհանրապես նման ռեսուրսներ չունի, և հետևաբար հայկական զինուժի շարունակական մարտունակության հարցը էապես շաղկապված է Հայաստանի տնտեսական կարողությունների հետ: Իսկ տնտեսական կարողությունների մեծացումը պահանջում է քրեաօլիգարխիկ համակարգի դեմոնտաժ, տնտեսական ազատականացում, դիվերսիֆիկացում և՛ ներքին տնտեսական քարտեզի, և՛ արտաքին ներդրումների առումով, որպեսզի Հայաստանում ռուսական կապիտալի գերիշխանություն չլինի, և կատարվեն նաև արևմտյան խոշոր ներդրումներ: Միևնույն ժամանակ պահանջվում է թափանցիկ և հաշվետու կառավարում, բիզնեսի և իշխանության տարանջատում, որը համակարգային փոփոխությունների առանցքը պետք է կազմի:
Բանակի հաջողություններն ու փայլուն գործողությունները, հիացմունք և հպարտություն առաջացնելուց բացի, պետք է առաջ բերեն քննարկումներ և հասարակական կենտրոնացում այս խնդիրների վրա: Հպարտությունն ու հիացմունքը հասկանալի են, սակայն դրանք ըստ էության քիչ բանով կարող են նպաստել և՛ բանակին, և՛ Հայաստանին ընդհանրապես, եթե այդ էմոցիոնալ վերելքը չի դառնում հենց արդեն կոնկրետ քնարկումների և քայլերի հիմք, չի օգտագործվում արդեն այդ նպատակով:
Կրկին վերադառնանք օգոստոս: Ակնհայտ է, որ օգոստոսի հաջողություններն այդ առումով մեզանում եղան բաց թողնված հնարավորություններ, և մենք բանակային հաջողությունը թիկունքում չկարողացանք զարգացնել: Եվ եղավ նոր մարտահրավեր՝ կորուստներով: Եթե մենք այս անգամ էլ չկարողանանք թիկունքում զարգացնել սահմանային հաջողությունները, ապա չենք խուսափի նոր կորուստներից:











































