«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. «Ընկերներիցս մեկը խնդրեց ինձ արտահայտել իմ պոզիտիվ, ոչ սարկաստիկ վերաբերմունքը առաջիկա ընտրությունների վերաբերյալ, ասել, թե ինչպես պետք է վարվեն քաղաքական գործիչները և քաղաքացիները ստեղծված իրավիճակում: Միանգամից ասեմ, որ երբեք ոչ մեկին (այդ թվում՝ իմ երեխաներին) չեմ ասել, թե «ինչպես է պետք» վարվել: Ի տարբերություն բոլոր տեսակի բոլշևիկների և հավատաքննիչների՝ ես ինձ իրավունք չեմ վերապահում ասել՝ արեք այնպես, ինչպես ես ուզում եմ, հակառակ դեպքում ես փիս-փիս բառեր կասեմ ձեր հասցեին: Ես կարող եմ ասել միայն, թե ինչպես եմ ես վարվում, ինչպես եմ գնահատում իրավիճակը՝ ամենևին չպնդելով, որ իմ վարքը «էտալոնային է», և բոլորը պետք է հետևեն իմ օրինակին:
Նախ ասեմ, որ ես, որպես քաղաքացի, միշտ մասնակցել եմ նախագահական ընտրություններին: 91-ին ձայնս տվել եմ Պարույր Հայրիկյանին, 96-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, 98-ին երկու փուլերում քվեարկել եմ բոլորի դեմ, 2003-ին երկու փուլերում ձայնս տվել եմ Ստեփան Դեմիրճյանին, 2008-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ոչ ընտրություններից առաջ, ոչ էլ հետո չեմ թաքցրել իմ անձնական համակրանքները, ուրիշ հարց, որ որպես լրագրող և խմբագիր աշխատում եմ տալ հավասարակշռված տեղեկատվություն: Այժմ ես տատանվում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի միջև, դեռ պիտի ծանոթանամ այդ թեկնածուների ծրագրերին: Կարծում եմ՝ ոչ ոք չի հերքի, որ այժմ ընդդիմադիր թեկնածուները, ինչպես նաև «չթեկնածուները» շատ լայն հնարավորություններ ունեն իրենց գաղափարներն ու տեսակետները քարոզելու: Համեմատության համար հիշենք, որ 2008-ին Տեր-Պետրոսյանի ելույթները տարածվում էին DVD-ների միջոցով, իսկ հեռուստաընկերությունները հիմնականում զբաղված էին առաջին նախագահին փնովելով:
Իհարկե, ցավալի է, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն իրենց թեկնածուներին չեն առաջադրել, բայց դա աշխարհի վերջը չէ, դա հայ ժողովրդի ամենամեծ ողբերգությունը չէ, և դա չի նշանակում, որ Հայաստանում քաղաքական, հասարակական կյանքը պետք է կանգ առնի: Ցանկացած ցավալի իրադարձության մեջ ուզում եմ պոզիտիվ տեսնել: Մասնավորապես, Կոնգրեսի միջավայրից առանձնանում են մարդիկ, որոնք սկսել են հանդես գալ որպես ինքնուրույն քաղաքական գործիչներ, ոչ թե որպես Տեր-Պետրոսյանի կողքը տեխնիկական աշխատանք կատարող ֆունկցիոներներ: Նկատի ունեմ, բնականաբար, նախևառաջ Հրանտ Բագրատյանին և Նիկոլ Փաշինյանին, որոնք, ի դեպ, այս ամիսներին Աժ-ում իրենց դրսևորել են որպես բարեխիղճ պատգամավորներ: Կարևոր չէ՝ նրանք անձնապես ինձ դուր են գալիս, թե ոչ, էական չէ նաև՝ ես նրանց հետ համաձայն եմ, թե ոչ: Կարևոր է, որ նրանք ոչ թե փորձում են կռահել առաջին նախագահի չարտահայտած մտքերը, այլ փորձում են շարադրել իրենց սեփական գաղափարները: Վստահ եմ, որ մոտ ժամանակներս կակտիվանան նաև Վարդան Օսկանյանը և ԲՀԿ-ի այլ գործիչներ: Մեկ տարուց ավելի տևած «գաղտնի» պրոցեսը դառնում է բացահայտ: Դա, անշուշտ, դրական երևույթ է»:











































