«Բոլորն էլ դրանից են խոսում, որ սպասում չկա: Իմ կարծիքով՝ կարող են լինել փոփոխություններ ընտրություններից հետո: Ընդհանրապես, ինչո՞ւ են ասում սպասում չկա, որովհետև այլընտրանային ուժեղ ընտրություն չկա, որովհետև նախորդ ընտրություններում եղել է խարիզմատիկ առաջնորդ, բայց դա մեզ ի՞նչ է տվել, եթե ուշադիր նայենք: Ոչինչ: Դա մեզ ի՞նչ է տվել` սպասում ու հետո` հիասթափություն»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:
Նրա խոսքերով՝ շատ հեշտ է մարդկանց ոտքի հանել պոպուլիստական ձևերով. «Խարիզմատիկ թկնածուն ուզի թե չուզի` պոպուլիստ է»: Բայց քանի որ խարիզմատիկ առաջնորդ չկա, մրցակցություն, բախում չկա, հրապարակախոսն ավելի հնարավոր է համարում լուրջ ծրագրերի առաջադրումը:
«Քանի որ Տեր-Պետրոսյանը կարողանում է շուրջը հավաքել, շարժում անել, սկզբում թվում էր` շարժումն է որոշում, ինչի համար ես միացա շարժմանը: Բայց հետո երևաց, որ Տեր-Պետրոսյանն ինքն է որոշում, և ավարտը տխուր եղավ: Ես միացել եմ և տեսել, որ հասարակությանը կարողանում է Տեր-Պետրոսյանն ակտիվացնել: Իսկ մեր ռեսուրսը մարդն է: Հայաստանցին իսկապես ունի ռեսուրս, եթե կարողանա ճիշտ գործել: Լևոն Տեր-Պետրոսյանն իր խարիզմայով չեզոքացրեց դրական գիծը, որը վերածվում է անհատի պաշտամունքի: Իհարկե, նախագահի թեկնածուն էր և սկզբում նրա շուրջ պետք է լիներ, բայց հետո պետք չէր: Լիդերի շուրջը խաբուսիկ է: Ոչ թե լիդերի շուրջ, այլ ծրագրի, խնդիրների շուրջ: Դա ավելի ռացիոնալ է»,- ասել է Մարինե Պետրոսյանը` հավելելով, որ եթե Տեր-Պետրոսյանը չնահանջեր, կարող էր հաղթել գոնե մարտի 1-ից հետո:
Հայաստանի բոլոր շերտերը, ըստ նրա, տեսնում և հասկանում են, որ փոփոխություններ պետք են: Մի մասը հասկանում է, որ իրենց համար վտանգավոր է, բայց պետք են: Իրենք ևս զգում են փոփոխություների անհրաժեշտությունը: «Ոչ մեկս էլ չի ցանկանում էսպիսի երկրում ապրել: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն էլ չէր ցանկանա այսպիսի երկրի նախագահ լինել»,- ասել է հրապարակախոսը: Նա կարևորել է նաև ընտրությունների ժամանակ երկրորդ տեղը` համարելով, որ այն կարող է դառնալ լուրջ ընդդիմություն: Նաև կարևոր է համարել ոչ ռուսամետ, եվրոպական կամ արևմտյան արժեքների վրա հենված ընդդիմության ձևավորումը:
Մարինե Պետրոսյանին «ամենամոտ» ուժը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է, բայց տարօրինակ է համարում նրանց պասիվությունը: Նախընտրելի թեկնածուն էլ Հրանտ Բագրատյանն է:










































