Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը այսօր ճողոպրել է լրագրողներից, ինչպես ենթադրվում է՝ գազի գնի մասին տհաճ հարցերին չպատասխանելու համար:
Խնդիրն այն է, որ այս հարցի կապակցությամբ արդեն շատ երկար ժամանակ է` ընդհանրապես Հայաստանի ողջ իշխանությունն է ճողոպրած վիճակում՝ հասարակությունից ճողոպրած վիճակում: Գազի գնի հարցը Հայաստանի համար դարձել է խորհրդավոր գաղտնիքի պես մի բան: Իշխանությունը, որ հարկատուների հաշվին է գոյատևում և ըստ էության իր յուրաքանչյուր քայլի համար պետք է հաշվետու լինի հարկատուներին, արդեն երկար ժամանակ է` գաղտնի խորհրդավոր բանակցությունների մեջ է Ռուսաստանի հետ: Նույնիսկ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները նման խորհրդավորության քողի տակ չեն անցնում:
Այս ամենը հուշում է մի բան՝ Հայաստանի իշխանությունը ոչ այնքան բանակցում է Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ, որքան հասարակության և պետության թիկունքում տեղի է ունենում պարզապես գործարք, և այդ գործարքի հետևանքով մտավախություն կա, որ ինչ-որ բան Հայաստանը կրկին զիջելու է Ռուսաստանին:
Որևէ այլ տրամաբանությամբ դժվար է բացատրել այն խորհրդավոր լռությունն ու փախուստը, որ դրսևորում է Հայաստանի իշխանությունը գազի գնի վերաբերյալ հարցումների կապակցությամբ: Ավելին` Հայաստանի իշխանությունն արդեն ամիսներ շարունակ չի կարողանում հոդաբաշխ կերպով սեփական հասարակությանը բացատրել նաև, թե ինչու է ՊԵԿ հաշվետվության մեջ գազի գինն արդեն իսկ մի քանի ամիս ամրագրվում ավելի բարձր, քան, այսպես ասած, պաշտոնականն է:
Երբ այս ամենի վերաբերյալ չկան բացատրություններ, որ իշխանությունը պարտավոր է տալ հասարակությանը, ապա հերթական հայ-ռուսական գործարքից բացի` այլ բանի մասին ենթադրելը դառնում է դժվար:
Օրինակ` երբ գազի գնի շուրջ քննարկումներ են ծավալում Եվրոպան և Ռուսաստանը, ապա այստեղ ամեն ինչ տեղի է ունենում հասարակության աչքի առաջ, եվրոպացի սպառողները հստակ տեղեկանում են հնարավոր տարբերակների մասին, տեղեկանում են բանակցության և քննարկումների պայմանների մասին:
Հայաստանի պարագայում առկա խորհրդավորությունը ոչ միայն վկայում է ինչ-որ գործընթացի մասին, որը երևի հասարակության շահերից չի բխում, եթե պահվում է գաղտնի, այլ նաև ընդհանրապես դեմ է կառավարման տրամաբանությանը, որովհետև իշխանությունն իրավունք չունի գաղտնի պահել մի գործընթաց, որն անմիջականորեն առնչվում է հարկատուներին:
Վերջին հաշվով` հայ-ռուսական գործարքների դիմաց վճարում են հենց այդ հարկատուները` կամ փողով, կամ պարտքի դիմաց տրվող գույքերով, և վերջապես՝ պետական ինքնիշխանությամբ:










































