Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիայի նախագահի պահվածքը երկրում բռնությունների աճի մեծ սպառնալիք է, ուստի և միջազգային պատասխանը պետք է դրան համապատասխան կոշտ լինի։
Հեյգը նշել է, որ կիրակի օրվա Ասադի ելույթից ենթադրվում է, թե Սիրիայում բռնությունների ահագնացումն աճի միտում ունի, և այն կանխելու համար միջազգային հանրությունը պատրաստ է կոշտ միջոցների դիմել։
Հունվարի 6-ի ելույթում նախագահ Ասադն առաջարկել է հակամարտության լուծման փուլային տարբերակ։ Նա հայտարարել է, որ պետք է դադարեցնել ահաբեկչությանն աջակցելու արտասահմանյան ֆինանսավորումները, խոստացել է կազմավորել նոր կառավարություն, ստեղծել նոր սահմանադրություն և հայտարարել համընդհանուր համաներում։
Այս առաջարկները պետք է քննարկվեն Ժնևում հունվարի 11-ի եռակողմ հանդիպման ժամանակ։
Ներկա դրությամբ Լոնդոնը փակ հանդիպումներ է կազմակերպում Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիայի հետ՝ ճգնաժամից դուրս գալու նախագծեր քննարկելու համար։









































