Չինաստանի իշխանությունները հինգշաբթի օրն իրագործել են մահապատժի դատական վճիռը, որը կիրառվել է 57-ամյա սերիական մարդասպանի նկատմամբ։ Մոլագարը չորս տարվա ընթացքում խեղդամահ է արել տասնմեկ մարդու, հաղորդում է Սինհուա գործակալությունը։
2012-ի հունիսին Կունմին քաղաքի դատարանը 57-ամյա Չժան Յունմինին մեղավոր է ճանաչել 2008-ի մարտից 2012-ի ապրիլի ընթացքում 11 մարդու կանխամտածված սպանության համար։
Հանցագործությունների հետքը թաքցնելու համար մոլագարը զոհերի դիերը մասնատել է, հրկիզել, մնացորդները թաղել հողի տակ։ Յունմինը ձերբակալվել է 2012-ի մայիսին։ Դատարանը նրա արարքները «չափազանց դաժան» է որակել։
1979-ին Յունմինը կանխամտածված սպանության համար դատապարտված է եղել մահապատժի՝ երկու տարի տարկետումով (Չինաստանում այդպիսի դեպքերում դատապարտյալը կարող է ազատվել մահապատժից, եթե կալանավայրում դրսևորի օրինակելի վարք)։ Յունմինը 1997-ին ազատ է արձակվել, որից հետո գյուղում հողատարածք և նյութական օգնություն է ստացել։









































