Անհայտ Մերլին Մոնրո: Նյու Յորքում բացվել է դերասանուհի Մերլին Մոնրոյի 1955 թ. արված լուսանկարների ցուցահանդեսը։ Այս մասին հաղորդում է «Կուլտուրա» հեռուստաալիքը:
«Լուսանկարներում լեգենդար Մոնրոն հանդես է գալիս անսպասելի ամպլուայով՝ նա չի խաղում, այլ պարզապես ապրում է»,– նկատում է թանգարանային գործի մասնագետ Ջեյմս Դենզիջերը, ով հայտնաբերել է լուսանկարների արխիվը:
Դրանք բոլորն արված են Մանհեթենում՝ Նյու Յորքի ամենահայտնի շրջաններից մեկում: Հեղինակը լուսանկարիչ Փիթեր Մենգոնն է, ով այն ժամանակ 15 տարեկան է եղել:
Մերլինին ոչ պաշտոնական միջավայրում լուսանկարելու համար տղան ստիպված է եղել հերթապահել այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ էր առնում դերասանուհին:
«Ապշեցնում է այն, որ լուսանկարներում Մերլին Մոնրոն հենց այնպես քայլում է Մանհեթենով, ու որ նա բոլորովին մենակ է: Դա 1955 թվականն է: Մարդիկ այդ ժամանակ հարգանքով էին վերաբերվում աստղերի անձնական կյանքին»,- կարծում է նա:







































