Իսպանիայի գլխավոր դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասի և ինքնավարության մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչների դեմ նոյեմբերի 9-ին անկախության վերաբերյալ հարցումն անցկացնելու ընթացքում օրենքը խախտելու համար: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Բացի Կատալոնիայի կառավարության ղեկավարից՝ մեղադրյալների ցանկում են ինքնավարության կառավարության տեղակալ Ժոանա Օրտեգան և կրթության նախարար Իռենե Ռիգաուն, քանի որ քվերակության համար տեղամասերի մեծ մասը տեղակայված է եղել ուսումնական հաստատություններում: Նրանք բոլորը մեղադրվում են (օրենքին և իշխանություններին) չենթարկվելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պետական ունեցվածքը հափշտակելու և իրավունքների ապօրինի յուրացման մեջ:
Կատալոնիայում նոյեմբերի 9-ին Իսպանիայից ինքնավարության անկախության վերաբերյալ հարցում է անցկացվել: Հարցման արդյունքներով՝ մասնակիցների ավելի քան 80%-ն աջակցել է շրջանի անկախությանը: Հարցմանը մասնակցել է 2,3 մլն մարդ՝ ձայնի իրավունք ունեցող առնվազն 5,4 մլն կատալոնացուց: Իսպանիայի կառավարությունը հարցումը համարում է անօրինական, Սահմանադրական դատարանը սառեցրել էր դրա անցկացումը:








































