Թուրքիան ձգտում է թուլացնել ռուսական և իրանական գազի մատակարարումներից ունեցած կախվածությունը և մեծացնել ածխի կիրառմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը: Ներկայում Թուրքիայի էներգետիկան 70 տոկոսով կախված է էներգառեսուրսների, առաջին հերթին՝ բնական գազի արտաքին մատակարարումներից: Այս մասին հայտնում է MK-Turkey կայքը:
Անցած շաբաթ ԱՄԷ-ի հետ համաձայնագիր է ստորագրվել մինչև 2020 թվականը Թուրքիայի հարավարևելյան Աֆշին-Էլբիստան ածխավազանից ոչ հեռու խոշոր ածխային էլեկտրակայան կառուցելու մասին: Էլեկտրակայանը կունենա 8000 մեգավատտ հզորություն, որի կառուցման համար կպահանջվի 12 մլրդ դոլար: Այդ էլեկտրակայանի կառուցումը 2/3-ով կմեծացնի ածխի հիմքով էլեկտրաէներգիայի արտադրությունը և կնվազեցնի Թուրքիայի Էներգետիկ շուկայի կախվածությունը արտաքին մատակարարումներից:
Ներկայում թուրքական ողջ էլեկտրաէներգիայի 45 տոկոսը արտադրվում է բնական գազից, սակայն էլեկտրականության պահանջարկի մշտական աճն ու երկնագույն վառելիքի բարձր գները Թուրքիային ստիպում են բազմազան դարձնել իր էներգետիկան և հումքի առավել էժան աղբյուրներ որոնել:
Այսօր Թուրքիան ածուխ է գնում հիմնականում ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Կոլումբիայից և ՀԱՀ-ից: Փորձագետները ենթադրում են, որ առաջիկա տասնամյակում Թուրքիան կդառնա երրորդ խոշոր էներգասպառողը Եվրոպայում՝ առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից:











































