Պորտուգալիայի կառավարության նախարարներից մեկը կոչ է արել անհապաղ քննարկումներ սկսել բյուջետային ծախսերի կրճատման ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու շուրջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Կարլոս Մոէդասի նման հայտարրության համար պատճառ է հանդիսացել չորեքշաբթի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հրապարակած զեկույցը: Դրանում ասվում է, որ տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար Պորտուգալիան պետք է հեռացնի պետական ծառայողների 20 տոկոսին, ինչպես նաև 10 տոկոսով կրճատի կենսաթոշակները, զգալիորեն նվազեցնի կրթության և առողջապահության ծախսերը:
Հիշեցնենք, 2011թ. միջազգային վարկատուները ԱՄՀ-ի ղեկավարությամբ արտոնեցին Լիսաբոնին տրամադրել ֆինանսական օգնություն՝ 78 մլրդ եվրոյի չափով, որի դիմաց պահանջվում է կրճատել բյուջեի դեֆիցիտը:









































