Փոխնախարար Սամվել Ավետիսյանը այսօր ԱԺ-ում փողոցային առևտրի մասին քննարկումների ընթացքում նշեց, որ հարցը բավականին լուրջ և բարդ է, քանի որ խնդիր է դրված ապահովել սննդի ավտանգության կանոնները, քաղաքի դեմքը։ Իսկ մյուս կողմից` մենք ունենք աղքատ խավ։ Հետևաբար առաջարկեց գտնել ոսկե միջինը։
«Թող էն տպավորությունը չստեղծվի, որ էս փողկապները կապել, եկել նստել ենք այստեղ, ելույթ ենք ունենում` նշանակում է, թե մենք խնդիրներ չունենք, ձեր մասին էլ չենք մտածում։ Պարոն Ջավադյանը գնաց, իրար հետ դասախոս էինք աշխատում 90-ական թվականներին։ Այդ տարիներին, երբ վիճակներս շատ ծանր էր, գնացել ենք Սադախլոյից ապրանք ենք բերել ծախել, որ Նոր տարի անենք։ Այնպես որ, բոլորս անցել ենք ինչ-որ ձևով այդ դժվարությունները, ու այնպես չէ, որ ձեր մասին չենք մտածել»,- անկեղծացավ փոխգյուղնախարարը և առաջարկեց ստեղծել Եվրոպական երկրներում գոյություն ունեցող տոնավաճառներից, որտեղ մարդիկ քաղաքակիրթ ձևով իրենց ապրանքներն են ցուցադրում, միջոցառումներ են կազմակերպում, ուրախանում, վաստակում, ինչի շնորհիվ էլ այդ կազմակերպված առևտուրը կոչվում է տոնավաճառ։
Սամվել Ավետիսյանը՝ նկարում՝ աջից









































