ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի հետ համատեղ ասուլիսին նշեց, որ հանդիպման ընթացքում խոսել են ԼՂ հարցի, ինչպես նաև ներքին իրադարձությունների մասին:
«Մեր հիմնական քննարկումները վերաբերել են Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին: Կիպրոսը բավականին մեծ միջոցառումներ է նախատեսել և ցուցաբերման տեսքով, և նաև որոշակի միջոցառումներ՝ կոնֆերանսների, ժողովների միջոցով»,- նշեց նա:
Գալուստ Սահակյանը նշեց, որ Կիպրոսի գործընկերները կմասնակցեն նաև Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին:
Յանակիս Օմիրուին նշեց, որ Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում Կիպրոսի Հանրապետությունում կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին:
«Ես վստահ եմ և համոզված, որ այցը ուրույն ազդեցություն կունենա երկու երկրների կապերի ամրապնդման ու ընդլայնման վրա»,- նշեց Յանակիս Օմիրուին:
Հարցին՝ նախկին վարչապետի օֆշորային սկանդալի մասին ի՞նչ տեղեկատվության է տիրապետում, կիպրոսցի պաշտոնյան, նկատեց. «Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ, դրա համար չեմ կարող պատասխանել»:
Հարցը դուր չեկավ Գալուստ Սահակյանին, և նա միջամտեց. «Մտածում եք՝ բոլորը ձեր դարդերով-ցավերո՞վ են ապրում, արժանապատիվ հարցեր տվեք»:
Այնուամենայնիվ, հնչեց հաջորդ հարցը՝ կարո՞ղ են առանց մարդու իմացության իր անունով հաշիվ բացել Կիպրոսում: Յանակիս Օմիրուին նշեց, որ օրինական դաշտը բավականին զարգացած է, Կիպրոսը ԵՄ երկիր է և առաջնորդվում է ԵՄ օրենքներով:
Եթե ձեր երկրի որևէ պաշտոնյայի անուն կապվեր օֆշորային սկանդալի հետ, նրան պաշտոն, օրինակ՝ դեսպանի պաշտոն արդյոք կվստահվե՞ր՝ ի պատասխան հարցի պաշտոնյան նշեց. «Համաձայն Կիպրոսի ՀՀ Սահմանադրության և օրենքների՝ բոլորը հավասար են օրենքի առջև, բայց դուք ավելի շատ Հայաստանի ներքին քաղաքականության հետ կապված հարցեր եք տալիս, սա պրոտոկոլից դուրս հարց է»:
Միջազգային հանրությունը ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել՝ զոհված օդաչուներին դուրս բերելու ուղղությամբ՝ հարցին ի պատասխան Յանակիս Օմիրուին նշեց, որ ինքը դատապարտում է յուրաքանչյուր բռնություն ընդհանրապես և տվյալ բռնությունը՝ մասնավորապես:
«Մենք սատարում ենք ՀՀ ԱԺ և կառավարության դիրքերը, խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասաց նա՝ հավելելով, որ նույնիսկ պատերազմական օրենքի շրջանակներում հարգանքը զոհվածների նկատմամբ պահպանվում է, դա պատմության խորքից եկող օրենք է, ուստի անթույլատրելի է Ադրբեջանի իշխանության այդ վերաբերմունքը:









































