Ապրիլի 1-ին ժամը 11.00-ին Վճռաբեկ դատարանում տեղի կունենա «Էկոդար» հասարակական կազմակերպության բողոքի քննությունը:
Բողոքը ներկայացվել էր 2010թ. ապրիլի 26-ին ընդդեմ Վարչական դատարանի 2010 թ. մարտի 24-ին կայացված որոշման, որով մերժվել էր Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցումը պահանջող հայցադիմումը, պատճառաբանելով, որ հասարակական կազմակերպությունն իրավունք չունի դատարանում էկոլոգիական իրավախախտումներ վիճարկել: Վարչական դատարանը նախկինում հայցադիմումը վարույթ չէր ընդունել նույն պատճառաբանությամբ, որից հետո «Էկոդար»-ը դիմել էր Վճռաբեկ դատարան և վերջինս ստիպել էր Վարչական դատարանին քննության առնել հայցադիմումը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն, քննելով Հայաստանի երեք հասարակական կազմակերպությունների դիմումը Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ որոշումների գործընթացների առնչությամբ, 2010թ. դեկտեմբերի 17-ի իր որոշմամբ եզրակացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը ձախողել է Կոնվենցիայի իրականացումը մի շարք դրույթների մասով:
Թեղուտի պաշտպանության խումբ









































