Թուրքիայի կառավարությունն ու Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը պատմական պայմանագիր են պատրաստում, որը վերջ կդնի 3 տասնամյակ ձգվող միջէթնիկական հակամարտությանը: Իշխանությունները մտադիր են նրա միջոցով հասնել PKK-ի զինյալների լիովին զինաթափման՝ քրդական փոքրամասնության իրավունքների ընդլայնման դիմաց: Հաշտությանը խոչընդոտում էր բանտից Օջալանի ազատ արձակման հարցը: Փորձագետները հավատացած են, որ կողմերին պայմանավորվել չի հաջողվի նաև այլ թեմաների շուրջ, իսկ հաշտեցումը նախաձեռնել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է Kommersant-ը:
Թուրքական հատուկ ծառայությունները նախկինում ևս պարբերաբար կապի մեջ են գտնվել քուրդ գրոհայինների առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, երբ անհրաժեշտ է եղել քրդերի տիրապետության տակ գտնվող Թուրքիայի հարավ-արևելքում անհապաղ կանխել ահաբեկչական սպառնալիքները:
Հիշեցնենք, որ Օջալանը ցմահ ազատազրկման է դատապարտված: Արդեն 14 տարի է՝ նա փակված Մարմարի ծովի Իմրալի կղզու բանտում: Բազմիցս շշուկներ են տարածվել Օջալանի հետ կառավարության ներկայացուցիչների գաղտնի բանակցությունների մասին, սակայն դրանք երբեք պաշտոնապես չեն հաստատվել:
PKK-ի առաջնորդի հետ քաղաքական բանակցությունների մեկնարկի մասին Թուրքիայի իշխանությունների հայտարարությանը նախորդել էր անցած աշնանը երկրի բանտերում փակված 500 քուրդ ակտիվիստների 70-օրյա հացադուլը: Իրավիճակը հաջողվել էր հարթել, երբ Օջալանը բանտից իր դաշնակիցներին ուղերձ էր հղել: Հունվարի սկզբին հայտնի դարձավ, որ թուրքական կառավարությունը մինչ օրս բանակցություններ է անցկացնում Օջալանի հետ գրոհայիններին զինաթափելու առնչությամբ:
Երեկ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ կողմերը մոտ են «ճանապարհային քարտեզի» մասին համաձայնագրին, որն էլ պետք է կարգավորի կողմերի տևական պայքարը: Որոշ տվյալներով՝ պլանը նախատեսում է գրոհայինների զինաթափում և Թուրքիայի տարածքից նրանց մեկնում՝ քրդական փոքրամասնության իրավունքների զգալի ընդլայնման դիմաց: Քրդերը պահանջում են ուսումնական հաստատությունների և քրդերենով գործը քննող դատարանների ստեղծում, երկրում պատրաստվող սահմանադրական տեքստում թուրքական քաղաքացիության էթնիկ չեզոք սահմանման ամրագրում, ինչպես նաև քրդերով բնակեցված շրջաններում տարածաշրջանային վարչակազմերի իրավունքների ընդլայնում:
Փորձագետների գնահատականներով՝ պայմանավորվածություն ձեռք բերելու կողմերի շանսերը մեծ չեն: Թեև նախագահ Աբդուլլահ Գյուլը վերջերս խորհրդարանին կոչ էր արել մշակել քրդական խնդրի լուծման առաջարկ, սակայն կոնկրետ պահանջներին պատգամավորների մեծ մասը նախկինի պես զգուշորեն են վերաբերվում՝ նախազգուշացնելով «ազգի պառակտման» սպառնալիքի մասին: Վարչապետ Էրդողանն արդեն հասկացնել է տվել, որ խոսքը Օջալանի կամ նրա կողմնակիցների ազատ արձակման մասին չէ:
Փորձագետների կարծիքով՝ այս բանակցային գործընթացը առաջին հերթին ձեռնտու է անձամբ Էրդողանին: 2014-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ նա պարզապես չի կարող անտեսել քրդական խնդիրը: Առավել ևս, որ վերջին շրջանում այդ հարցը սրվել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով՝ քրդերին տալով թուրք-սիրիական սահմանին սեփական ինքնավարություն ստեղծելու հույս:









































