Ռումինիայի «Չեռնավոդյե» ԱԷԿ-ում չորեքշաբթի երեկոյան տեղի է ունեցել երկու ռեակտորներից մեկի արտակարգ անջատում: Այս մասին ասվում է ԱԷԿ-ը շահագործող Nuclearelectrica օպերատոր-ընկերության հաղորդագրությունում,- փոխանցում է ITAR-TASS-ը:
Ինչպես նշվում է փաստաթղթում՝ ռեակտորի աշխատանքը դադարեցվել է էլեկտրական գեներատորի հովացման համակարգում ի հայտ եկած խափանումների պատճառով: Նրանում նշվում է, որ միջադեպը լուրջ հետևանքների չի հանգեցրել: Ռեակտորի անջատման հետևանքով ԱԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը երկու անգամ նվազել է:
«Չեռնավոդյեն» շահագործման է հանձնվել 1996 թվականին: Կանադական արտադրության երկու ռեակտորներից յուրաքանչյուրն ունի 700 մեգավատտ արտադրական հզորություն: Դրանք արտադրում են Ռումինիային անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 20 տոկոսը:
2016 թվականին նախատեսվում է գործարկել այդ ԱԷԿ-ի ևս երկու բլոկներ՝ կրկին 700 մեգավատտ հզորությամբ:









































